top of page

Երեխաների ատամի ցավ․ ի՞նչ անել մինչև բժշկին դիմելը

  • Feb 18
  • 2 min read

Updated: Feb 19


Երեխայի ատամի ցավը կարող է սկսվել հանկարծակի՝ գիշերը, հանգստյան օրերին կամ ճամփորդության ժամանակ։ Ծնողի համար դա ամենասթրեսային իրավիճակներից է․ երեխան լացում է, չի քնում, չի ուտում, իսկ դուք փորձում եք հասկանալ՝ ինչ անել։


Ինչու՞ է երեխայի ատամը ցավում

Ամենահաճախ հանդիպող պատճառներն են՝

  • Կարիեսի խորացում

  • Ատամի նյարդի բորբոքում (պուլպիտ)

  • Ատամի ճաք կամ վնասվածք

  • Լնդերի բորբոքում

  • Սննդի մնացորդ ատամների միջև


Հիշեք՝ երեխաների կաթնատամները ունեն բարակ էմալ, և խնդիրները զարգանում են ավելի արագ, քան մեծահասակների մոտ։


Ի՞նչ անել մինչև բժշկին այցելելը

1.Ստուգեք բերանի խոռոչը լույսի տակ նայեք՝

  • կա՞ լնդի ուռած հատված

  • կա՞ սննդի մնացորդ

  • կա՞ տեսանելի անցք ատամի վրա

Եթե սնունդ է մնացել, նուրբ կերպով մաքրեք ատամների միջև ատամնաթելով։


2.Լվացրեք բերանը և ատմները

Գոլ (ոչ տաք) ջրով ողողումը կարող է ժամանակավորապես թեթևացնել ցավը։

Եթե երեխան արդեն կարողանում է ճիշտ ողողել, կարելի է օգտագործել նաև թույլ աղաջուր։


3.Ցավազրկող (անհրաժեշտության դեպքում)

Եթե ատամների լվացումը և ողողումները չեն օգնել և ցավը ուժեղ է, կարող եք տալ երեխայի տարիքին համապատասխան ցավազրկող (օրինակ՝ պարացետամոլ կամ իբուպրոֆեն)՝ միայն ցուցումների և դեղաչափի պահպանմամբ։

⚠️ Երբեք մի գերազանցեք դեղաչափը։


4.Սառը կոմպրես

Եթե կա այտուց կամ հարվածից առաջացած ցավ,

այտի վրա դրսից կարելի է դնել սառը կոմպրես 10-15 րոպեով։


Ի՞նչ պետք չէ անել

❌ Չդնել ասպիրին ատամի վրա

❌ Չտաքացնել այտը (տաքությունը կարող է ուժեղացնել բորբոքումը)

❌ Չօգտագործել ալկոհոլային լուծույթներ

❌ Չհետաձգել այցը բժշկին՝ եթե ցավը չի անցնում


Ե՞րբ է պետք շտապ դիմել բժշկին

🚨Եթե կա ուժեղ այտուց

🚨Եթե երեխան ունի ջերմություն

🚨Եթե ցավը չի մեղմանում դեղից հետո

🚨Եթե կա վնասվածք կամ արյունահոսություն։

Այս դեպքերում անհրաժեշտ է հնարավորինս

արագ դիմել մանկական ատամնաբույժի։


Ինչու չի կարելի անտեսել կաթնատամի ցավը

Շատ ծնողներ մտածում են' «Միևնույն է կաթնատամ է, կփոխվի»։Բայց ախտահարված կաթնատամը կարող է վնասել մշտական ատամի հիմքը, առաջացնել վարակ, ազդել երեխայի սնվելու և քնի վրա:

Վաղ միջամտությունը միշտ ավելի հեշտ և անվտանգ է։

Երեխայի ատամի ցավը ժամանակավոր լռեցնելը լուծում չէ։ Տնային միջոցները միայն օգնություն են մինչև մասնագիտական բուժումը։ Եթե նկատում եք որևէ ցավ կամ անհանգստություն ապա ավելի լավ է դիմել մասնագետի և կանխել բարդացումը։

 
 
bottom of page