Ինչպե՞ս պատրաստել երեխային ատամնաբույժի մոտ առաջին այցին
- Feb 3
- 2 min read

Մինչ առաջին այցը՝ ամենակարևոր դերը ծնողինն է
Երեխայի առաջին այցը ատամնաբույժի մոտ կախված չէ միայն բժշկի պրոֆեսիոնալ վերաբերմունքից։ Այն սկսվում է տանը՝ ծնողի խոսքերից, ձայնի տոնից և վերաբերմունքից։ Երեխան նախքան կլինիկա մտնելը արդեն գիտի՝ արդյոք սա անվտանգ վայր է, արդյոք պետք է վախենալ, թե պարզապես հերթական խնամքի այցն է։
Եթե ծնողը նախապես վախեցած է, անհանգիստ կամ անգիտակցաբար օգտագործում է վախեցնող բառեր, երեխան դա անմիջապես զգում է։ Իսկ երբ ծնողը հանգիստ է, վստահ և ճիշտ ձևակերպումներով է ներկայացնում այցը, երեխան նույն տրամադրությամբ է մոտենում բժշկին։
👉 Առաջին այցի հաջողության 50%-ը ձևավորվում է մինչև ատամնաբույժի դուռը բացելը։
Այդ պատճառով ստորև ներկայացնում եմ՝ ինչպես ճիշտ պատրաստել երեխային ատամնաբույժի այցին տարբեր տարիքներում։
🍼 1-3 տարեկան
Նպատակ՝ ծանոթացում և դրական առաջին փորձ
Այս տարիքում երեխան աշխարհն ընկալում է զգացմունքներով, ոչ թե բացատրություններով։
Ծնողը պետք է լինի հանգիստ և վստահ
Այցը ներկայացրեք որպես կարճ ու հաճելի հանդիպում
Խոսեք պարզ և քնքուշ բառերով
Խուսափեք «ցավ», «բուժում», «սրսկում» բառերից
Կարելի է ասել․«Գնալու ենք, որ բժիշկը նայի քո ատամիկներին»
👉 Նույնիսկ աթոռին նստելը կամ բերանը բացելը արդեն հաջողություն է։
👦 3-6 տարեկան
Նպատակ՝ վստահության և համագործակցության ձևավորում
Այս տարիքում երեխան արդեն ունի զարգացած երևակայություն, և վախը հաճախ ծնվում է անծանոթից։
Նախապես պատմեք՝ ինչ է լինելու, բայց առանց մանրամասների
Խաղացեք տանը «ատամնաբույժ»
Թույլ տվեք վերցնել իր հետ սիրելի խաղալիքը
Թողեք երեխան հարցեր տա և լսեք նրան
❌ Մի պատմեք ձեր սեփական վատ փորձերը
❌ Մի վախեցրեք բժշկով կամ «եթե չլացես» արտահայտություններով
🧒 6-12 տարեկան
Նպատակ՝ գիտակցված մոտեցում և պատասխանատվության ձևավորում
Այս տարիքում երեխան արդեն կարող է հասկանալ իր բերանի խնամքի կարևորությունը։
Բացատրեք՝ ինչու է կարևոր առողջ ատամ ունենալը
Ներգրավեք երեխային ատամների խնամքի մեջ
Խոսեք բաց ու ազնիվ
Հարգեք նրա անհանգստությունները և մի նսեմացրեք զգացմունքները։
👉 Վստահությունը ձևավորվում է համագործակցության և հարգանքի միջոցով։
🚫 Ինչ չի կարելի անել ցանկացած տարիքում
❌ Մի վախեցրեք ատամնաբույժով
❌ Մի խոսեք ցավից նախօրոք
❌ Մի ստիպեք
❌ Մի պայմանավորեք լավ վարքը պարգևներով կամ սպառնալիքներով
Երեխայի վերաբերմունքը ատամնաբույժի նկատմամբ ծնվում է ծնողի վերաբերմունքից։
👨👩👧👦 Հանգիստ, վստահ ծնողը ձևավորում է հանգիստ, վստահ երեխա։