top of page

Կաթնատամների կառուցվածքը և առանձնահատկությունները

  • Dec 18, 2025
  • 2 min read

Կաթնատամները երեխայի կյանքի առաջին ատամներն են և շատ ավելի կարևոր դեր ունեն, քան հաճախ մտածում են ծնողները։ Չնայած դրանք ժամանակավոր են և հետագայում փոխարինվելու են մշտական ատամներով բայց կաթնատամների առողջությունը մեծ ազդեցություն ունի երեխայի ընդհանուր բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի զարգացման վրա։



Ի՞նչ են կաթնատամները


Կաթնատամները առաջին ատամներն են, որոնք սկսում են դուրս գալ երեխայի մոտ՝ սովորաբար 6 ամսականից սկսած։ Դրանք սովորաբար ամբողջությամբ ձևավորված են լինում մոտ 2,5–3 տարեկանում և սկսում են փոխարինվել մշտական ատամներով մոտ 6 տարեկանից։ Ընդհանուր առմամբ երեխան ունի 20 կաթնատամ՝ 10 վերին և 10 ստորին։



Կաթնատամների կառուցվածքը


Ինչպես բոլոր ատամները, կաթնատամներն էլ ունեն մի քանի հիմնական շերտեր, սակայն դրանց կառուցվածքն ունի որոշ առանձնահատկություններ։



Էմալ


Էմալը ատամի ամենավերին և պաշտպանիչ շերտն է։ Կաթնատամների դեպքում էմալի շերտը ավելի բարակ և փխրուն է, քան մշտական ատամներինը։ Սա նշանակում է, որ վնասակար գործոնները՝ քաղցրը, թթուները, վատ հիգիենան, կարող են ավելի արագ ազդել ատամի վրա։


Դենտին


Էմալի տակ գտնվում է դենտինային շերտը։ Կաթնատամների դենտինը նույնպես ավելի բարակ է և ավելի զգայուն, ինչի պատճառով կարիեսը կարող է արագ խորանալ և հասնել խորը շերտերին:


Պուլպա (նյարդ)


Պուլպան ատամի ներսում գտնվող փափուկ հյուսվածքն է, որտեղ գտնվում են նյարդերն ու արյունատար անոթները։ Կաթնատամներում պուլպան համեմատաբար մեծ ծավալ ունի, ինչի պատճառով բորբոքումը և ցավը կարող են առաջանալ ավելի արագ։


Ինչո՞վ են կաթնատամները տարբերվում մշտականներից


Կաթնատամներն ունեն մի քանի կարևոր տարբերություններ՝

  • փոքր չափեր ունեն

  • ավելի բաց գույն են ունենում

  • ունեն բարակ էմալ և դենտին

  • ավելի զգայուն են կարիեսի նկատմամբ

  • խնդիրները զարգանում են ավելի արագ


Այս բոլոր առանձնահատկությունները նշանակում են, որ կաթնատամները պահանջում են ավելի ուշադիր խնամք։


Ինչ պետք է հիշեն ծնողները


Կաթնատամները ժամանակավոր են, բայց դրանց ճիշտ խնամքը՝ կարևոր։ Դրանց կառուցվածքը հասկանալը օգնում է ծնողներին ժամանակին նկատել խնդիրները և ճիշտ որոշումներ կայացնել։ Կաթնատամների կառուցվածքն ու առանձնահատկությունները բացատրում են, թե ինչպես կարող է երեխաների մոտ կարիեսը զարգանալ ավելի արագ և ինչու է կարևոր չհետաձգել այցը մանկական ստոմատոլոգի մոտ։

 
 
bottom of page