top of page

Ստոմատիտ. պատճառներ, տեսակներ և բուժման ճիշտ մոտեցումները

  • Jun 22
  • 3 min read

Եթե երեխան հանկարծ հրաժարվում է ուտելուց, լաց է լինում ատամները լվանալիս կամ բողոքում է, որ բերանը ցավում է, պատճառը միշտ չէ, որ ատամն է։

Շատ հաճախ նման գանգատների պատճառը կարող է լինել ստոմատիտը։


Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումն է, որը կարող է ախտահարել շուրթերի ներսի մակերեսը, այտերը, լեզուն, լնդերը, քիմքը և երբեմն նաև կոկորդի սկզբնական հատվածը։ Հիվանդությունը կարող է արտահայտվել կարմրությամբ, ցավոտ խոցիկներով, սպիտակ փառով կամ բշտիկներով, որոնք երեխայի համար նույնիսկ ուտելն ու ջուր խմելը դարձնում են դժվար և ցավոտ։


Կարևոր է հասկանալ, որ ստոմատիտը մեկ առանձին հիվանդություն չէ։ Այն ընդհանուր անվանում է տարբեր պատճառներով առաջացած բերանի լորձաթաղանթի բորբոքումների համար։ Հենց այդ պատճառով բուժումը բոլոր դեպքերում նույնը չէ և պետք է ընտրվի՝ կախված ստոմատիտի տեսակից և առաջացման պատճառից։





Ինչո՞ւ է առաջանում ստոմատիտը

Ստոմատիտի առաջացմանը կարող են նպաստել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները։

Ամենատարածված պատճառներն են'

  • վիրուսային վարակները (հատկապես հերպեսի վիրուսը)

  • բակտերիալ վարակները

  • Candida սնկի գերաճը (կանդիդոզ)

  • բերանի լորձաթաղանթի վնասվածքները (այտը կամ շուրթը կծելը, սուր ատամի եզրը, օրթոդոնտիկ սարքերը)

  • տաք սննդից կամ քիմիական նյութերից առաջացած այրվածքները

  • ալերգիկ ռեակցիաները

  • բերանի ոչ բավարար հիգիենան

  • իմունային համակարգի թուլացումը

  • երկաթի, վիտամին B₁₂-ի և ֆոլաթթվի պակասը։


Փոքր տարիքի երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում ստոմատիտով, քանի որ նրանց իմունային համակարգը դեռ ամբողջությամբ չի ձևավորվել, իսկ բերանի լորձաթաղանթը շատ ավելի նուրբ և հեշտ վնասվող է։


Ստոմատիտի հիմնական տեսակները

Վիրուսային (հերպետիկ) ստոմատիտ

Սա երեխաների շրջանում ամենահաճախ հանդիպող տեսակներից մեկն է։ Պատճառը սովորաբար առաջին տիպի պարզ հերպեսի վիրուսն է (HSV-1)։

Վարակումը կարող է տեղի ունենալ խաղալիքների, սպասքի, համբույրի, սերտ շփման կամ օդակաթիլային ճանապարհով։

Բնորոշ ախտանիշներն են. բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն,

լնդերի կարմրություն և այտուց,բերանի տարբեր հատվածներում բազմաթիվ ցավոտ խոցիկներ, տհաճ հոտ բերանից, ուտելուց և խմելուց հրաժարում:


Սնկային (կանդիդոզ) ստոմատիտ

Ավելի հայտնի է որպես «կաթնախտ»։ Առավել հաճախ հանդիպում է մինչև 3 տարեկան երեխաների մոտ, հատկապես հակաբիոտիկների ընդունումից հետո կամ թուլացած իմունիտետի դեպքում։

Ախտանիշները ներառում են. - սպիտակ, կաթնաշոռանման փառ լեզվի, այտերի և լնդերի վրա, այրոցի զգացում, բերանի չորություն, ցավ, տհաճ հոտ, անհանգստություն և սննդից հրաժարում։


Աֆթոզ ստոմատիտ

Բնորոշվում է մեկ կամ մի քանի կլոր, սպիտակավուն խոցիկներով, որոնք շրջապատված են կարմիր եզրով։

Դրանք կարող են առաջանալ՝

  • իմունային համակարգի առանձնահատկությունների

  • սթրեսի

  • վիտամինների և միկրոտարրերի պակասի

  • լորձաթաղանթի վնասվածքների

  • որոշ դեպքերում ժառանգական նախատրամադրվածության հետևանքով։


Բակտերիալ ստոմատիտ

Հաճախ զարգանում է այն դեպքում, երբ բերանի լորձաթաղանթը վնասված է, և բակտերիաները ներթափանցում են այդ հատված։

Երեխայի մոտ կարող են դիտվել՝

  • ցավ

  • այտուց

  • կարմրություն

  • լնդերի բորբոքում

  • երբեմն՝ մոխրագույն կամ դեղնավուն փառ

  • տհաճ հոտ բերանից

  • բարձր ջերմություն։


Ալերգիկ և դեղորայքային ստոմատիտ

Կարող է զարգանալ որոշ սննդամթերքների, դեղամիջոցների, ատամի մածուկների կամ ողողումների որոշ բաղադրիչների նկատմամբ ալերգիկ ռեակցիայի հետևանքով։


Վնասվածքային ստոմատիտ

Առաջանում է բերանի լորձաթաղանթի վնասման հետևանքով՝ այտը կծելու, սուր ատամի, օրթոդոնտիկ ապարատների, տաք սննդի կամ այլ վնասող գործոնների ազդեցությամբ։

Չնայած ստոմատիտի տեսակները տարբեր են, շատ դեպքերում հանդիպում են հետևյալ ընդհանուր նշանները.

բերանի խոռոչի ցավ, կարմրություն, խոցիկների կամ բշտիկների առաջացում,

ուտելու և խմելու դժվարացում, բերանի տհաճ հոտ, ջերմության բարձրացում, թքի ավելացում, մեծացած ավշային հանգույցներ, երեխայի դյուրագրգռություն և անհանգստություն։


Ինչպե՞ս է ախտորոշվում


Փորձառու մանկական ստոմատոլոգը կամ մանկաբույժը շատ դեպքերում կարող է ախտորոշումը հաստատել արդեն զննման ընթացքում։


Անհրաժեշտության դեպքում կարող են նշանակվել լրացուցիչ հետազոտություններ՝ արյան անալիզներ կամ բերանի լորձաթաղանթից քսուք՝ հիվանդության պատճառը ճշգրտելու համար։


Ինչպե՞ս է բուժվում ստոմատիտը

  • Ստոմատիտի բուժումը կախված է դրա առաջացման պատճառից։

  • Վիրուսային ստոմատիտի դեպքում կարող են նշանակվել հակավիրուսային միջոցներ (անհրաժեշտության դեպքում), ցավազրկողներ, ջերմիջեցնողներ և հեղուկների բավարար ընդունում։

  • Սնկային ստոմատիտի դեպքում կիրառվում են հակասնկային դեղամիջոցներ։

  • Բակտերիալ ստոմատիտի դեպքում, ըստ անհրաժեշտության, բժիշկը կարող է նշանակել հակասեպտիկ կամ հակաբակտերիալ բուժում։

  • Աֆթոզ ստոմատիտի դեպքում հիմնական նպատակն է նվազեցնել ցավը, արագացնել խոցերի լավացումը և հնարավորության դեպքում վերացնել առաջացման պատճառը։


Բերանի հիգիենան՝ բուժման կարևոր մասն է շատ ծնողներ մտածում են, որ ստոմատիտի ժամանակ ատամները պետք չէ լվանալ, քանի որ դա ցավ է պատճառում երեխային։ Սակայն իրականում բերանի խոռոչի լավ հիգիենան բուժման կարևոր բաղադրիչներից մեկն է։ Ատամները պետք է շարունակել մաքրել փափուկ խոզանակով և երեխայի տարիքին համապատասխան, նուրբ ազդեցությամբ ատամի մածուկով։ Մաքուր բերանի խոռոչը նպաստում է վնասված լորձաթաղանթի ավելի արագ վերականգնմանը և նվազեցնում երկրորդային վարակների զարգացման հավանականությունը։

Հիշեք՛

Ստոմատիտների մեծ մասը ճիշտ ախտորոշման և ժամանակին սկսված բուժման դեպքում լիովին ապաքինվում է առանց բարդությունների։ Եթե երեխայի բերանի խոռոչում նկատում եք խոցիկներ, սպիտակ փառ, կարմրություն կամ այլ փոփոխություններ, մի զբաղվեք ինքնաբուժմամբ։ Ժամանակին դիմելով մանկական ստոմատոլոգի՝ հնարավոր է արագ պարզել պատճառը, ընտրել ճիշտ բուժումը և երեխային հնարավորինս շուտ ազատել ցավից։

 
 
bottom of page